-Տիկի՛ն Դիանա, սովորաբար գրողներն սկսում են բանաստեղծությամբ, ապա անցնում արձակի: Ձեզ մոտ հակառակ գրական ընթացք է այս առումով: Բանաստեղծությունը կարո՞ղ է մի օր գերիշխող դառնալ Դիանա Համբարձումյանի գրականության մեջ:
-Լավ ասացիք՝ «սովորաբար», բայց ես «անսովորի» կողմնակից եմ, թեպետ արձակից բանաստեղծության անցնելն այնքան էլ արտասովոր բան չեմ համարում, քանի որ արձակն ինձ համար նույն բանաստեղծությունն է՝ ռիթմով, երաժշտականությամբ, մեղեդայնությամբ, հնչերանգով, շեշտադրությամբ, եթերայնությամբ, բանաստեղծական փիլիսոփայությամբ, վերացականությամբ, երևակայության թռիչքով, միայն թե արձակում նվագախմբային ու երգչախմբային կատարումներն ավելի ծավալուն են, տարածական ու ավելի ժամանակատար՝ պատմելու, նկարագրելու, զրույցի հաշվին։ Մի խոսքով բանաստեղծությունը գրվում է սիրելու, ատելու, երեխա ծնելու և պատերազմելու արանքներում, իսկ արձակը՝ սիրելու, ատելու, երեխա ծնելու և պատերազմելու ընթացքում։ Բայց այսքանն ասացի, որ բանաստեղծության «գերիշխելու» մասին հարցին պատասխանեմ՝ ո՛չ, քանի որ ես «հավատարիմ լինելու» պախարակելի սովորություն ունեմ, հատկապես, երբ անհավատարիմ լինելու ո՛չ առիթ կա, ո՛չ էլ պատճառ։
-Այսինքն՝ առայժմ գերակշռող է հավատարմությունն արձակի՞ն:
-Այո՛: Արձակը օվկիանոսում մեն-մենակ լող տալու նման վտանգավոր, գայթակղիչ ու թաքուն հմայքներով լի, Էվերեստի գագաթը բարձրանալու և իջնելու չափ հուսահատեցնող, մեռնելու պես անցանկալի և անխուսափելի գործ է, որին չտրվելն արդեն ուշ է ինձ համար։ Բայց նաև խոստովանեմ. եթե մի օր բանաստեղծության «չար ոգին» ինձ այնքան դիվոտի, որ ես այլևս ի վիճակի չլինեմ պատասխանատու լինելու իմ «արարքների» համար, ապա գուցե քմծիծաղով մրթմրթամ քթիս տակ. «Երբեք մի ասա՝ երբեք»։ Կապրենք, կտեսնենք։ Կամ էլ՝ կգրեմ, կերևա։ Գոնե հիմա` այսօր, պայմանականորեն «ֆենթըզի» ժանրին պատկանող վեպ եմ գրում։ Սրա մասին մի քիչ ավելին ասեմ, մի բան, որ վերջերս հաճախ եմ անում. կուզեի այս վեպի մասին նաև հատուկ պատմել «Իրատեսի» ընթերցողներին։ Համարյա ավարտում եմ «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպիս երկրորդ գիրքը, որն առաջին գրքի հետընթաց արտապատկերն է՝ պարունակների հակընդդեմ հարահոսով։ Այս վեպը յուրատեսակ փորձաքար է ինձ համար ո՛չ միայն այն առումով, որ երկու տասնյակից ավելի պատմվածքներից, երկու վիպակից, երեք վեպից հետո առաջին անգամ մտել եմ բոլորովին «նոր, անծանոթ և խորթ» մի աշխարհ, որի անունը «ֆենթըզի» է, թեպետ, նույնիսկ այդ ժանրի «մոգերը», երբ գրում էին իրենց առաջին գործերը, վստահաբար, նմանատիպ ապրումներ են ունեցել, քանի որ ժանրի միայն անվանումը՝ «սոսկ երևակայածին» (թարգմանելու ճիգ անելիս սա իմ մոգոնած եզրն է հայերեն), արդեն բավական է, որ սարսռաս անհնարինության առջև, ինչպես որ, ընդհանրապես, ողջ գրականությունն է անհնարինության հաղթահարման ջանք, այլև այն առումով, որ մանրամասնորեն ծանոթանալով այս ժանրի առանձնահատկություններին, «օրենքներին և կանոններին», փորձել եմ «չենթարկվել» դրանց՝ իմ օրինազանցությունն արդարացնելով նոր բան ստեղծելու ոչ այնքան հավակնոտ, որքան սրտոտ ցանկությամբ։ Երբ այս ամենի մասին խոսում էի Գուրգեն Խանջյանի հետ և անհանգստությունս չթաքցնելով՝ ասացի. «Ես շատ հող եմ, էնքան հող եմ, որ իմ «ֆենթըզին» էլ է հողոտ ստացվել», Գուրգենը իրավարի ժպտաց ու ասաց. «Հողոտը լավ է, մեր հողոտ կյանքից մեծ «ֆենթըզի» չկա»։ Սիրտս տեղն ընկավ։ Մի օր էլ Մեսրոպ Հարությունյանի հետ էի խոսում իմ էս «օրինազանցությունների» մասին, Մեսրոպն էլ իրեն բնորոշ հումորով ասաց. «Դու նոր ժանր ես ստեղծել, և այն կկոչվի «դիանըսի»։ Ծիծաղեցինք, անցավ-գնաց, բայց հիմա ինչքան ծանրութեթև եմ անում, ինչքան գրում եմ ու ջնջում, հավատում եմ, որ «դիանըսի» է ծնվում։ Կատակում եմ։ Բայց դե, լուրջ խոսքը կատակով են ասում։
-Ձեր ստեղծագործությունները դժվար են «տրվում» թարգմանության, և Դուք որոշել եք անձամբ զբաղվել այդ գործով: Ո՞ր երկից եք սկսելու:
-Հա, շատ «ցավոտ վերքի» սեղմեցիք։ Գրելիս ես երբեք չեմ մտածում, որ գրածս պիտի թարգմանվի, հավանաբար, անհնար է այդպես գրել։ Բայց երբ ես էի թարգմանում Ֆոլքների ու Լևոն Խեչոյանի գրածը, ինձ պատեպատ էի տալիս, հերսոտում էի՝ մտքումս էդ մարդկանց հետ կռիվ տալով. «Ա՛յ հեր օրհնած, բա հիմա սա ո՞նց թարգմանեմ, հը՞, բա սա խի՞ղճ է»։ Հիշում եմ, որ մի օր՝ «Դուռը թակում են» վեպիս առաջին գլուխներն անգլերեն թարգմանելիս, Քրիստինե Սողիկյանն ասաց. «Ախր, գրելիս մի քիչ էլ թարգմանիչների մասին մտածեք, էլի»։ Նայեցինք իրար ու քահ-քահ ծիծաղեցինք։ Ցավոք, ո՛չ նա, ո՛չ էլ «Փեակների տարաբախտություն» վեպիս առաջին հինգ գլուխը ռուսերեն թարգմանած Սոնա Բաբաջանյանը, ո՛չ էլ այդ նույն վեպի երեք գլուխը վրացերեն թարգմանած Ասյա Դարբինյանը ավարտին չհասցրին էդ «սևագործ ու տաժանակիր» աշխատանքը՝ հիմնականում իմ գրի «դժվարթարգմանելիության» պատճառով, ինչպես իրենք՝ թարգմանիչներն են խոստովանել, որը ես, ինչ մեղքս թաքցնեմ, ընդունում և հասկանում եմ, թեպետ իմ պատմվածքները թարգմանվել են 13 լեզվով, ուրեմն, այդ գործն այնքան էլ «անհաղթահարելի» չէ, որքան թվում է, մանավանդ, որ աշխարհում Ֆոլքներ ու Ջոյս են թարգմանվել, նաև՝ հայերեն։ Ինչ վերաբերում է «այդ գործով անձամբ զբաղվելուն», քանի որ ես «պոլիգլոտ» չեմ, պարզ է, որ լավագույն դեպքում, ինքս իմ գրածն անգլերեն կթարգմանեմ, բայց դե, խոչընդոտող խնդիրներն առայժմ այնքան շատ են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ մոտ ժամանակներս անհնար է դրան անդրադառնալ։ Նախ, ես ոչ միայն «դժվարթարգմանելի» եմ գրում, այլև դժվար եմ գրում՝ բառի և՛ ուղիղ, և՛ անուղղակի իմաստով։ Գրելիս ապրումակցելն ինձ համար պարտադիր պայման է, ավելի ճիշտ՝ անհրաժեշտություն է, պահանջ է, դե, ուրեմն, պատկերացրեք, թե ինչերի միջով եմ անցնում, մինչև գիրքն ավարտում եմ։ Այնքան եմ սպառվում, որ մինչև ուշքի եմ գալիս, տեսնում եմ՝ երկու-երեք, երբեմն նաև չորս տարի է՝ ոչ մի տող չեմ գրել։ Բարեբախտաբար, վերջին վեպիս՝ «Փեակների տարաբախտության» տպագրությունից հետո երկու տարի է անցել, ու ես շուտով՝ մոտ երկու շաբաթ հետո, կավարտեմ նոր վեպս՝ «Կանաչ մարգագետնի հմայքը»։ Սա ինձ համար աննախադեպ «արագագրություն» է, բայց դա դեռ չի նշանակում, թե այս մեկն ավելի «հեշտ» եմ գրել. նույն չմահավանն եմ, նույն երեք էջ գրող, երկու էջ ջնջողն եմ, նույն «հալումաշ» լինողն եմ, դեռ մի բան էլ ավելի, քանի որ ինձ համար նոր՝ չտրորված կածան եմ բացում։ Եվ հետո, իմ գրածն ինձ համար ավելի բարդ կլինի թարգմանել, քանի որ, կարծում եմ, հաճախ կգայթակղվեմ ու թարգմանելու փոխարեն մի ուրիշ ուղղությամբ կգնամ, հետո կպարզվի՝ նոր բան եմ գրել։ Բայց, միևնույն է, քանի որ թարգմանությունն ընթերցողների ավելի մեծ լսարան ունենալու միակ հնարավորությունն է, և քանի որ գրողական փառասիրությունը շոյող ամենատարածված՝ «Մարգարեն իր գյուղում պատիվ չունի» արտահայտությունը մարգարեաբար ճիշտ է ինչպես բոլոր մահկանացուների, այնպես էլ ինձ համար, քանի որ ես էլ այն մոլորուն կարծիքն ունեմ, որ Հայաստանում ինձ էլ ըստ արժանվույն կգնահատեն միայն այնժամ, երբ օտարները գնահատեն ուրիշ-ուրիշ երկրներում, ուրեմն, մի օր անպայման ձեռնամուխ կլինեմ այդ «հույժ» կարևոր՝ աշխարհահռչակման գործին։ Երազելը վնաս չէ առողջությանը։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ